Հայաստանում 40 հազար երիտասարդներ չեն կարողանա ընկերուհի գտնել: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ դրա պատճառը սեռային ցուցանիշի հիման վրա գնալով ավելացող աբորտներն են: «Եթե հիմա մտնեք դպրոցներ, ապա կտեսնեք, որ ցանկացած տարրական եւ միջին դասարանում տղաները 15 – 20% ավել են, քան աղջիկները, չնայած որ սովորաբար հակառակն է լինում»,-ընդգծել է Հայրապետյանը: Նա հավելել է, որ այդ խնդիրը կա ամբողջ Կովկասում, որտեղ ծնողները, նախ եւ առաջ, գերադասում են տղաներ ունենալ: Խորհրդային ժամանակ սելեկտիվ աբորտներ չեն իրականացվել, քանի որ ԽՍՀՄ-ում չկար ուլտրաձայնային հետազոտություն, այդ սարքերը արտերկրից չէին ներմուծվում: «Ուստի մինչեւ ծնվելը երեխայի սեռը հնարավոր չէր պարզել»,-ասել է Հայրապետյանը:
Հայաստանում ուլտաձայնային հետազոտության հնարավորությունը առաջին անգամ ստեղծվել է 1988թ երկրաշարժից հետո: 90-ականներին ավելացան եւս մի քանի սարքեր եւ արդեն հնրավոր էր պարզել երեխայի սեռը: «Աբորտների դիմում էին նաեւ վատ սոցիալական վիճակից դրդված, երբ ընտանիքները չէին ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ»,-հավելել է Հայրապետյանը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011 – 12թթ հանրապետությունում ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ՝ 2011–ին՝ 23,1 եւ 20,2, 2012-ին՝ 22,7 եւ 19,6:





























