Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բախումներ է առաջացնում երկրում ապրող ազգային փոքրամասնությունների միջեւ՝ փորձելով եւս մեկ անգամ կիրառել «Բաժանի՛ր, որ տիրես» քաղաքականությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրք վարչապետի կողմից այդքան սպասված բարեփոխումների փաթեթի բովանդակության հրապարակմանը:
Փորձագետի համոզմամբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում վերջին գործընթացները, թուրք հասարակության շրջանում աճող դժգոհությունը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ծայրահեղական իսլամիստների նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը մեծ դեր են խաղացել Թուրքիայի վարչապետի կողմից բարեփոխումների փաթեթի հրապարկման համար, քանի որ պետք չէ մոռանալ, որ Թուրքիան եւս ընտրել է զարգացման ծայրահեղական ուղին: «Հիջաբի հետ կապված փոփոխությունները, որոնք քաղաքական իսլամի խորհրդանիշեր են համարվում, ինչպես նաեւ ազատ հավաքներն ու այլ ռեֆորմներ համարվում են քայլեր, որոնց օգնությամբ Էրդողանը փորձում է մեղմել երկրի ներսում առկա դժգոհությունն ու մի փոքր մեղմել նրա հանդեպ վերաբերմունքն աշխարհում»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ապա, թյուրքագետի կարծիքով, կարելի է ասել, որ որոշակի դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ասորիների համար, ովքեր, ինչպես հայտնի է, Լոզանի պայմանագրի համաձայն չեն համարվում ազգային փոքրամասնություն, ի տարբերություն հայերի, հույների ու հրեաների: Սակայն նա հավելել է, որ այստեղ կարող է գաղտնի մտադրություն թաքնված լինել. մի կողմից Էրդողանը արտոնություններ է տրամադրում ասորիներին, մյուս կողմից շարունակում է հետապնդումները հայերի ու հույների հանդեպ:
«Իսկ եթե խոսենք իրականության կամ հռչակված բարեփոխումների իրականացման հավանականության մասին, ապա պետք է նշել, որ Թուրքիայի պատմության մեջ տարբեր ժամանակներում հայտարարվել էին բարեփոխումներ, բայց իրականում կյանքի էր կոչվել դրանց շատ փոքր մասը: Կարծում եմ, որ հայտարարված վերջին փոփոխությունները եւս քարոզչական բնույթ կկրեն», - հայտնել է Ռուբեն Մելքոնյանը` նշելով, որ պետք չէ մեծ հույսեր կապել Էրդողանի կառավարության խոստումների հետ, քանի որ վերջինս արդեն շատ անգամ ապացուցել է հռչակված հայտարարությունների ու գործելակերպի տարբերությունը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սեպտեմբերի 30-ին հրապարակել է Թուրքիայում այդքան սպասված բարեփոխումների փաթեթը:
Էրդողանի կողմից ներկայացված դեմոկրատական բարեփոխումների փաթեթը, մասնավորապես, ընդգրկում է հետեւյալ կետերը. պետական ծառայողները կարող են այսուհետ գլխաշորեր կրել, ասորական «Մոր Գաբրիել» եկեղեցուն պատկանող տարածքը վերադարձվում է եկեղեցական հիմնադրամին, ստեղծվում է գնչուական լեզվի ու մշակույթի ուսումնասիրման ինստիտուտ, քրդերենում առկա եւ թուրքերենում բացակայող Q, X, W տառերի օգտագործումն այլեւս քրեորեն պատժելի չէ: Որոշ փոփոխություններ մտցնում են օրենք ցույցերի, հավաքների ու երթերի մասին: Խստացվում են պատիժները խտրականության ու այլատյացության համար եւ այլն:





























