26-ամյա երիտասարդը իրեն վիրավորելու համար ծեծի է ենթարկել «Աչաջուր» ռեստորանի մատուցողուհուն: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Գառնիկ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Արին Բերդի 13 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանային համալիրի խոհանոցի բակում, իր հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ ծեծի է ենթարկել նույն ռեստորանի մատուցողուհի Աստղիկ Ս.-ին: Ավելին` իր հարվածներով մատուցողուհու առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























