«Հրապարակը» գրում է, թե երեկ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածավանի մոտակայքում: Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացը արգելակների խափանման պատճառով դարձել է անկառավարելի եւ մեծ արագությամբ ընթացել Արտենի կայարանի ուղղությամբ:

Ինքնագնացի աշխատակիցներից մեկը, դիմելով անձնազոհության, մեքենայի հենց ընթացքից իրեն դուրս է նետել` փորձելով անիվների տակ արգելակող հարմարանք տեղադրելու միջոցով կասեցնել ինքնագնացի արագությունը: Աշխատակցի ջանքերը, սակայն, հաջողությամբ չեն ավարտվել: Ինքնագնացն աստիճանաբար էլ ավելի մեծ արագություն է հավաքել եւ սլացել դեպի ներքեւ:

Տեսնելով, որ մեքենայի արագությունը սանձել չի հաջողվում, կյանքը փրկելու համար, ինքնագնացից դուրս է նետվել երիտասարդ մեքենավար Արթուր Թամազյանը` ստանալով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Այժմ երիտասարդ մեքենավարի կյանքը փրկելու ջանքեր են գործադրում Արմավիրի բժշկական կենտրոնում, որտեղ Արթուրից բացի եւս երեք երկաթուղայիններ են տեղափոխվել: Բարեբախտաբար, երեքի վնասվածքները լուրջ չէին, եւ առաջին բուժօգնությունն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: