Ազգային ժողովում, քաղաքական շրջանակներում եւ սոցիալական ցանցերում քննարկումները չեն դադարում երեկվա Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի քվեարկելության վերաբերյալ:

Տեղեկություններ էին տարածվել, թե ԱԺ-ում հերթական միջադեպն է գրանցվել, երբ ընդդիմադիրները փորձում էին հայտնաբերել դեմ քվեարկելու մասին հայտարարած, բայց արդյունքում «քցած» պատգամավորներին: Ըստ տեղեկությունների՝ կրքերն այնքան են թեժացել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Լյուդմիլա Սարգսյանի եւ այլոց ներկայությամբ շրջվել է դեպի Ալեքսանդր Արզումանյանը եւ ասել «Ինձ վրա կասկածողի...» ու հայհոյանքներ տեղացել:

Միջադեպի կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք կողմերից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ճիշտ չէ դրա կապակցությամբ ինքը մեկնաբանություն տա, պետք է դիմել Գագիկ Ջհանգիրյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին: Կին պատգամավորն ասաց, որ չի լսել հայհոյանք, սովորաբար տղամարդիկ իր ներկայությամբ չեն հայհոյում, քննարկում է եղել:

«Շատ տարօրինակ իրավիճակ է, ես ՀԱԿ-ի մասով կասկած չունեմ, բազմաթիվ մարդիկ հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, այսպես կոչված ընդդիմադիրներ: Ես ունեմ ներքին համոզմունք, թե ովքեր ինչպես են քվեարկել, բայց մի բանում վստահ եմ, որ երկու անվավերը եւ 3 «դեմը» ՀԱԿ-ի քվեարկությունն է»,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ջնջման մեթոդը սխալ ձեւով էր կիրառվել, ամեն մեկը յուրովի կողմի վրա նշան է արել, որ դեմ է: Նրա խոսքով՝ անվավեր է դարձել Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը, իսկ իրենը անվավեր չէր:  Պատգամավորը վստահեցնում է, որ քվեարկության նպատակով երբ մոտեցավ ընտրախցիկին, գրիչ չկար եւ մոտենալով սեղանին, խնդրեց գրիչ, Հաշվիչ հանձնաժողովի անդամների ներկայության ջնջեց «կողմը» եւ իր քվեաթերթիկը չէր կարող անվավեր լինել:

«Ես թաքցնելու բան չեմ ունեցել, բոլորի ներկայությամբ ջնջել եմ եւ տարել գցել: Երեք «դեմը» ես եմ, պարոն Մանուկյանը եւ պարոն Ջհանգիրյանը»,- ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր քվեաթերթիկի լուսանկարը, որտեղ նա դեմ է քվեարկել, այնպես որ երեք «դեմերից» մեկը հաստատ նա է, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց. «Ոչինչ չունեմ ասելու, կարող է երրորդը Նիկոլն է եղել, անվավերներից մեկն է մերոնցից մեկը եղել, չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել: Պարոն Բագրատյանի քվեարկությունից տեղյակ չեմ, ինքը ասել է, որ քվեարկել է ըստ իր տրամադրությունների»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ոչինչ չցանկացավ մեկնաբանել եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյան ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող հայհոյել: «Ինքն իր անունից, ոնց որ ասում են, փորձել է «քֆուր դնել» տղայական բանով, որ իբր հայհոյանքով ուզում էր ապացուցի, որ ինքը դեմ է եղել: Ես չեմ հավատում, որ ինքը դեմ է եղել: Երեք «դեմերից» երկուսը 100 տոկոս ես ու Նիկոլն ենք, երրորդը նույնիսկ կասկածում ենք, որ կարող է «Բարգավաճից» լինել»,- ասաց նա:

Պատգամավորը պատմեց, որ մինչ Գագիկ Ջհանգիրյանի «քֆուր դնելը» ինքը սաստել էր Լյուդմիլա Սարգսյանին՝ ասելով, որ դուք թվաբանության հետ խնդիր ունեք, 6 հոգի եք, 5 ոչ կողմ քվեաթերթիկ կա, հետեւաբար ձեզնից մեկը ստում է, իսկ Ջհանգիրյանը ուղղակի քֆուր դրեց, որ հավատանք, որ դեմ է եղել: Բայց նույնիսկ դա չօգնեց, որպեսզի Ալեքսանդր Արզումանյանը հավատա նրան, «դա քաղաքական կատեգորիա չէ, եւ ես այդ միջավայրում չեմ մեծացել, որ քֆուրով առաջնորդվեմ»:

Հիշեցնենք, որ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, որոնցից դեմ են եղել միայն 3-ը:

Սա լուրջ աժիոտաժ է առաջ բերել ընդդիմադիր ուժերի շրջանում, քանի որ 7 պատգամավոր ունեցող ՀԱԿ եւ 5 պատգամավոր ունեցող «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, սակայն փաստացի դեմերը 3-ն են եղել, եւս 2 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ «ժառանգություն» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք պնդում են, որ դեմ են քվեարկել: ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ-ում նույնպես պնդում են, որ իրենց բոլորը դեմ են քվեարկել (Հրանտ Բագրատյանը հրաժարվել է հայտարարել, թե ինչպես է քվեարկել):

Քվեարկությանը չեն մասնակցել «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը: