Համաներումը կտարածվի նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչ չափով կազդի, քանի որ համաներումը պաշտոնապես չի հայտարարվել: «Համենայն դեպս, առաջադրված մեղադրանքի հոդվածներն այնպիսին են, որ համաներումը դրանց վրա ազդում է: Նախորդ տարիներին այդ հոդվածների դեպքում պատճաչափը 1/4-ով կրճատվել էր, հիմա դեռ պատիժ  չկա  նշանակված, չենք կարող ասել: Բայց անգամ այդքան տարիների կրճատման դեպքում էլ ազատ չի արձակվի»,- ասաց Ժորա Վարոսյանը:

Համաներման՝ Վազգեն Խաչիկյանի վրա ազդելու վերաբերյալ  նրա կինը՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Լիլիթ Ասատրյանը ոչինչ չցանկացավ մեկնաբանել: Լսելով հարցը՝ նա ասցա »հաջողություն» եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը եւս չցանկացավ ոչինչ մեկնաբանել. «Ես զբաղված եմ, կներեք, առանց մեկնաբանությունների»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով, եւ 314 հոդվածի 1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ: Գործի շրջանակններում մեղադրանք է առաջադրվել մի շարք անձանց`  Ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, տեղեկատվական համակարգերիեւվերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը. աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Երեւանի «Շենգավիթ», «Արաբկիր». «Էրեբունի եւ Նուբարաշեն» տարածքային բաժնի պետերին եւ այլն պաշտոնյաների:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ,  ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: