Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների համար կերի արտադրամաս կբացվի: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, արտադրությունը, որը պատրաստվում է թողարկել հոկտեմբերի կեսերին, կարող է ամսական 3 հազար տոննա կեր արտադրել (շուրջօրյա աշխատանքի դեպքում, օրը երեք հերթով): Հայկական շուկայում այս արտադրանքը մեծ պահանջարկ ունի, հավելել է նա: Արտադրամասը կգտնվի Երեւանից հյուսիս՝ Եղվարդ քաղաքում, որտեղ արդեն գործում է խտացված կերի արտադրություն:

«Այժմ մենք մտածում ենք արտաքին շուկաների մասին: Վրաստանում կեր արտադրում են, սակայն քիչ ծավալներով: Մեր ձկնաբույծները կեր այնտեղից են գնում: Նման գործարաններ կան Իրանում, այդ թվում նաեւ երկրի հյուսիսում: Սակայն, ամեն դեպքում, մենք կփորձենք աշխատել մեր հարեւանների հետ»,- հայտնել է Նիկողոսյանը՝ հավելելով, որ անգամ եթե պատվերները լինեն միայն տեղական, գործարանը չի դադարեցնի աշխատանքը:

Այժմ գերմանացի մասնագետները ավարտին են հասցնում հենց Գերմանիայից բերված նոր սարքավորումների կարգավորումը: «Մենք չենք ցանկանում շտապել գործարանի բացմամբ ու վնասել որակին: Սակայն մինչեւ հոկտեմբերի 15-ը ուզում ենք սկսել աշխատանքը: Խորհրդատվության համար մենք Ռուսաստանից հրավիրել ենք բնագավառում հայտնի մասնագետի, ով մի քանի անգամ արդեն այցելել է գործարան ու որակի բարձրացման ուղղությամբ խորհուրդներ տվել»:

Ընկերությունը Դանիայից արդեն գնել է հումքի առաջին չափաբաժինը, ձկան ալյուր: «Այժմ մեր կողմից հրավիրված մասնագետները ուսումնասիրում են դրա որակը, ամինաթթուների եւ այլ բաղադրատարրի առկայությունը, որոնք ավելացնում են ձկան քաշը: Մենք ցանկանում ենք հայկական շուկային ապացուցել, որ առանց հավելումների կարելի է ձուկ բուծել»,- եզրափակել է Գուրգեն Նիկողոսյանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է մոտ 140 ձկնաբուծական տնտեսություն, որոնք առավելապես կերը գնում են արտասահմանից: 2013թ.-ի առաջին կիսամյակին երկիրն աեւտահանել է 758 տոննա թարմ ձուկ: