Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Ումութ Օրանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթի հանդեպ իր անվստահությունը հայտնել է անեկդոտով։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Ումութ Օրանը, խոսելով օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ներկայացված ժողովրդավարացման փաթեթի մասին, հիշեցրել է, որ 8 տարի առաջ Խորվաթիան եւ Թուրքիան սկսեցին ԵՄ-ի լրիվ անդամակցության բանակցությունները։ Ումութ Օրանի խոսքով՝ Խորվաթիան նախորդ տարի դարձավ ԵՄ անդամ իսկ Թուրքիայի ապագան շատ մշուշոտ է։
CHP-ի փոխնախագահը պատմել է մի անեկդոտ՝ ռուսի, ամերիկացու եւ թուրքի մասին։ «Ռուսը, ամերիկացին եւ թուրքը մահանում են եւ նրանց այն աշխարհի մուտքի մոտ դիմավորում է հրեշտակը՝ ասելով, որ նրանք մեկական հարցեր տալու իրավունք ունեն։
Ամերիկացին հարցնում է, թե երբ է ֆինանսական ճգնաժամը ավարտվելու եւ ստանում պատասխան, որ 10 տարուց ամեն ինչ կարգին կլինի։ Ամերիկացին արտասվում է. «Ես շուտ մահացա եւ չեմ տեսնի»։ Հերթը հասնում է ռուսին, ով հարցնում է, թե երբ է Ռուսաստանը վերագտնելու նախկին հզորությունը։ Հրեշտակը պատասխանում է, որ 25 տարի հետո։
Ռուսն արտասվում է՝ ասելով, որ ինքը շուտ է մահացել եւ չի կարողանա տեսնել այդ օրերը։ Երբ հերթը հասնում է թուրքին, վերջինս հարցնում է, թե երբ է Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթի արդյունքում Թուրքիան վերածվելու ժողովրդավարական երկրի։ Այս անգամ հրեշտակն է սկսում արտասվել՝ ասելով. «Ես չեմ կարող դա տեսնել, ես չեմ կարող...»։





























