«Մոս» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի տնօրեն 58-ամյա Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն եւ հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն եւ մարմնավաճառների հաշվին գումար է վաստակել: Կոտայքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Մոս» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի տնօրեն, այն ղեկավարել եւ օգտագործել է երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն եւ հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց եւ անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց՝ գույքային օգուտ ստանալով: Նա հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Քննելով գործը դատարանը վճռել է Էդիկ Ենոքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով: Սակայն քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել եւ նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով: Սեպտեմբերի 26-ին գործը հանձնվել է դատարանի արխիվ:





























