«Քավոր Հարութը»  չգիտի, թե  իր որդու՝ Գեւորգ Խաչատրյանի, վրա համաներումը կազդի, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քավոր Հարութը»:

«Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, ես պառկած եմ, լավ եմ, ուղղակի գրիպ եմ»,- ասաց նա: Հարություն Խաչատրյանն ասաց, որ որդին նորմալ է, նա փաստաբան չունի:

Ի դեպ, ըստ համաներման որոշման՝  եթե նրան առաջադրված միակ մեղադրանքը մնա 235-րդ հոդվածի 1-ին մասը,  եւ որեւէ այլ խոչընդոտող հանգամանք չլինի, ապա հնարավոր է համաներումը ազդի նաեւ Գեւորգ Խաչատրյանի վրա:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համաներումը չի ազդի իր պաշտպանյալի վրա, քանի որ այն հոդվածները, որոնցով նա մեղադրվում է, ընդգրկված չեն համաներման մեջ: Փաստաբանը տեղեկացրեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: