«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւը, համակիրները, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ բազմաթիվ շարքային քաղաքացիներ վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ին, գնալու են «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Ժառանգության» մամուլի ծառայությունից:
«Ժառանգության» համակիրներից մեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին» անվանումով «event» է ստեղծել, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 100 օգտատեր:
«Ժառանգության» անդամներն ու համակիրները եւս հաստատել են իրենց մասնակցությունը այդ «event-ին»: «Ժառանգությունում» որոշում է կայացվել գնալ եւ դիմավորել Զարուհի Փոստանջյանին բարձրացված աղմուկից հետո, մասնավորապես՝ երբ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորին օդանավակայանում ձվերով եւ լոլիկներով դիմավորելու մտադրության մասին:
Այս ակցիան կազմակերպվում է ելնելով նաեւ անվտանգության տեսանկյունից: Կգնա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի օդանավակայան՝ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին, թե՝ ոչ, դեռեւս հայտնի չէ:




























