Հայաստանի գյուղերում մոթելներն ու հյուրատները պետք է ավելին առաջարկեն, քան միայն գյուղական անդորրն ու տեղական խոհանոցը: Նման եզրահանգման են եկել Ջերմուկ քաղաքոմ Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովում զբոսաշրջության զարգացման քննարկման մասնակիցները:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղերից մեկի գյուղապետը նշեց, թե նորաբաց հյուրատան սեփականատերն ինտերնետում տեղեկություն է տեղադրել՝ համարների առցանց ամրագրման հնարավորությամբ: Սակայն լրացուցիչ ծառայություններ, ինչպես Հայաստանի գյուղերի հյուրատների մեծ մասը, առայժմ չի տրամադրում (գյուղի եւ հյուրատան անունը չենք գրում հակագովազդից խուսափելու համար): Թեեւ գյուղերում հյուրատների թիվն աճում է, սակայն ծառայությունների ցանկում չկան ոչ ձիով զբոսանք, ոչ մակույկավարում, ոչ էլ անգամ զբոսանքի երթուղիներ:

Անհրաժեշտ ենթակառուցվածքների անբավարարություն զգացվում է նաեւ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված Տաթեւի ճոպանուղու մերձակայքում: Թեեւ ճոպանուղի եկամուտ բերում է, սակայն զբոսաշրջիկների համար գիշերակացի տեղերն ու լրացուցիչ ծառայությունները, առաջին հերթին Շինուհայր, Հալիձոր եւ Տաթեւ գյուղերում դեռ անբավարար են: