Ամերիկյան Հյուսթոն քաղաքում Մաքդոնալդսի ռեստորաններն արգելում են այցելել կոնքից ցածր տաբատներով. նորաձեւության այդ տեսակը տարածված է ԱՄՆ-ում, հատկապես աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում:

Ավելի վաղ Մաքդոնալդսում արգելվում էր ճաշել ոտաբոբիկ կամ առանց շապիկի: Այժմ նոր հայտարարություն է ավելացել. «Այս ռեստորանում արգելվում են իջեցրած տաբատները» եւ «Բարձրացրու տաբատդ կամ ներս մի մտիր»: Yahoo News պորտալի տվյալներով՝ նոր կանոնն ընդունվել է Մաքդոնալդսի նվազագույնը երկու ռեստորանում:

Կոնքից ցածր տաբատներ կրելն արդեն արձագանք էր ստացել այն բանից հետո, երբ հուլիսին Նյու-Ջերսի նահանգի Վայլվուդ քաղաքի իշխանությունները արգելեցին մարդկանց հասարակական մայթերին զբոսնել այդ տեսքով: Արարքը տուգանվում է 25-100 դոլարով եւ մինչեւ 200 դոլար կրկնակի խախտման համար, ինչպես նաեւ հասարակական աշխատանքներով(մինչեւ 40 ժամ): Օրենքի համաձայն տաբատը կոնքից 7.5 սանտիմետրից ցածր չպետք է լինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոնքից ցածր saggy pants տաբատների նորաձեւությունը ծագել է ամերիկյան բանտերում, որտեղ հաճախ կալանավորներին տրամադրվող հագուստի չափերը չէին համապատասխանում: