«Քառորդ դար առաջ նոր փուլ թեւակոխած համաժողովրդական Շարժումն արդյունավորվել է Արցախի անկախությամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պետականության կազմավորմամբ, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում տարած հաթանակով: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազատ, ինքնիշխան Արցախը, հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա մեծագույն ձեռքբերումն է»,- ներածական խոսքով բացելով «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, նշել է ԼՂՀ ԱԺ նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նշենք, որ գիտաժողովը հրավիրվել է հոբելյանական տարեդարձի  տոնակատարության ծրագրի շրջանակներում եւ կտեւի երկու օր՝ հոկտեմբերի 4-5-ը։  

Նշելով, որ տարին հոբելյանական է նաեւ արցախահայության տարեգրության մեջ շրջադարձային  մեկ այլ իրադարձության առումով, ԱԺ նախագահը հաղորդեց, որ 1813թ. հոկտեմբերին, այսինքն՝ ուղիղ  200 տարի առաջ, Արցախի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր, որով իրավաբանորեն ձեւակերպվեց Արցախի փաստացի միացումը Ռուսաստանին: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը, որ նշանավորեց արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլը, չնայած անցած երկու հարյուր տարվա ժամանակաշրջանին, չի կորցրել իր կարեւորությունը ոչ միայն հայության ու նրա արցախյան հատվածի, այլեւ տարածաշրջանի համար։ 

Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ ռազմաքաղաքական այն համակարգը, որ Անդրկովկասում ստեղծվել էր  Գյուլիստանի եւ Թուրքմենչայի, իսկ հետագայում նաեւ  ռուս-թուրքական պայմանագրերով, անցյալ դարասկզբին քայքայվեց առաջին համաշխարհային պատերազմի եւ, հատկապես, Ռուսաստանում բոլշեւիկյան հեղաշրջման պատճառով: Հետեւանքները հայ ժողովրդի համար, ասաց նա,  աղետալի էին` Օսմանյան Թուրքիայում նա ենթարկվեց ցեղասպանության, իսկ նախկին Ռուսական կայսրությունում կորցրեց պատմական հայրենիքի մեծ մասը` Կարսի մարզը, Սուրմալուն անցան Թուրքիային, Նախիջեւանը եւ Արցախը` խորհրդայնացած Ադրբեջանին:

Նշելով, որ 1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում հռչակված վերակառուցման քաղաքականությունն արթնացրեց հույսեր, թե հնարավոր է ուղղել ստալինյան ռեժիմի սխալները, ԱԺ նախագահն ափսոսանք հայտնեց, որ  կենտրոնական իշխանությունները բավարար համարձակություն չունեցան, իսկ Ադրբեջանը փորձեց Արցախի ձայնը խեղդել զանգվածային սպանդով, շրջափակումներով, ապա եւ` լայնածավալ ռազմական ագրեսիայով: Շնորհիվ բացառիկ ինքնակազմակերպվածության, Հայաստանի եւ Սփյուռքի աջակցության, ասաց նա, մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները: Սա է անցած 25 տարիների ամենամեծ նվաճումը, համազգային այն գիտակցումը, որ ազատությունը եւ անկախությունը չեն նվիրվում, դրանք ձեռք են բերվում: 

Նշելով, որ արցախահայությունն ապրում է անհանգիստ տարածաշրջանում եւ որ անհանգիստ է առհասարակ ողջ աշխարհում, ԱԺ նախագահը շեշտեց. «Բայց այսօր ավելի անվտանգ տեղ, քան Արցախն է, մեզ համար չկա, չի կարող լինել: Մենք այս ազդակն ենք հղում աշխարհին, աշխարհասփյուռ հայությանն ու մեր բարեկամներին: Մենք ասում ենք, որ Արցախում վերագտել ենք ազգային արժանապատվություն եւ ապահովություն, մենք այսօր հեռանկար ունեցող երկիր եւ հանրություն ենք»: