Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, նախագահող դատավոր Գ.Պողոսյանը նշանակել է դատական քննություն ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե բողոքը Երեւանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ է: Երեւանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երեւանի պատմության անբաժանելի մաս:
Փակ շուկայի կառուցապատողին (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին-խմբ.), ով մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շինության կառուցումը չդադարեցնելու եւ անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը: Երեւանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը եւ քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման:
Փակ շուկայի կառուցապատողին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմքերն են՝
Փակ շուկայի կառուցապատողը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել.
ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցը չքանդելը եւ 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:
Բողոքի պահանջն է` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 05.07.2013 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ որոշումը վերացնել եւ հարուցել քրեական գործ:




























