Համայնքների խոշորացումը կօգնի հետաքրքիր բիզնես ծրագրեր իրագործել ու բնակչության շահերից բխող նոր ծառայություններ ներդնել: Այս մասին Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ամփոփիչ ասուլիսում հոկտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հանրապետությունում ներկայումս առկա 915 համայնքների խոշորացման հայեցակարգի վրա նախարարությունն աշխատել է 5 տարի: 2011թ. կազմվել էր Վայոց ձորի մարզի համայնքների խոշորացման մոդել: Ներկայիս «մեկ գյուղ՝ մեկ համայնք» սկզբունքի փոխարեն նոր համայնքներում առաջարկվում է ընդգրկել 5-6 գյուղ, իսկ քաղաքներին հարակից գյուղերն ընդգրկել քաղաքային համայնքներում:
Համաժողովի վերջին քննարկմանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հենց այս թեման է շոշափվել: «Բնականաբար, եթե ինչ-որ բարեփոխումներ էլ իրականացվեն, ապա միայն այն դեպքում, եթե դրանց առավելությունը գործնականում ապացուցվի: Այդ պատճառով էլ համայնքների խոշորացմանը ձեռնամուխ լինելուց առաջ՝ մենք մարզերում մեկ-երկու փորձնական նախագիծ կիրականացնենք»,- հայտնել է Վ. Տերտերյանը:
NEWS.am-ի հետ զրույցում քննարկմանը մասնակից մի շարք գյուղապետեր նշել են, որ խոշորացման դեպքում համայնքների աշխատակազմը, հավանաբար, կկրճատվի: Բնակչությանը ծառայություն մատուցող պաշտոնները չեն վերացվի:





























