Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից հանելու որոշումը ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Սերժ Սարգսյանի ցանկությունն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ նման ոտնձգություն տարիներ առաջ եղել է, եւ տեսել են՝ ինչ հետեւանքներ է ունեցել հայկական պատվիրակության համար։

«Պաշտոնական գործընթաց չի սկսվել Հովիկ Աբրահամյանի կողմից, այդ հայտարարության մասին տեղեկացված է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը, քննարկման առարկա է դարձել բյուրոյում, կլինի Հայաստանի իշխանության կողմից պաշտոնական քայլ, կլինի նաեւ պաշտոնական արձագանք»,- ասաց նա։ Զարուհի Փոստանջյանը այդ խնդրով դիմել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին, բյուրոյի անդամներից ոմանց, հանձնաժողովի նախագահներին, որոնց մեջ որեւէ ադրբեջանցի պատվիրակ չկա։

Նա նշեց, որ «Ֆեյսբուքով» սպառնալից նամակներ է ստացել, որեւիցե կերպ դրանք իրեն չեն կարող կաշկանդել, «իրավապահները պարտավոր են հետեւել, որ որեւէ մեկը հնարավորություն չունենա իմ նկատմամբ որեւէ ոտնձգություն իրականանցնի»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am