Եվրոպան հետաքրքրված է հայկական հանքահումքով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա` այդ պատճառով եվրոպական կազմակերպությունները հատուկ ուշադրություն չեն դարձնում հայկական հանքավայրերի շահագործման բնապահպանական կողմին:
«2011թ. Եվրահանձնաժողովի կողմից ընդունված երկարաժամկետ ռազմավարությունը նախատեսում է հումքի եւ աշխատուժի ներկրում: Հումքը կներկրվի անցումային տնտեսություն ունեցող երկրներից, աշխատուժը` նույնպես, հիմնականում` «Արեւելյան գործընկերության» երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից», – նշել է Մակարյանը:
Նա նաեւ հավելել է, որ լեռնագործական արդյունաբերությունից ստացած եկամուտները երկրի համար առայժմ հիմնականն են: «Գյուղատնտեսական ապրանքների եւ դրանց վերամշակման արտահանումը կազմում է 200 միլիոն դոլար, իսկ առանց ըմպելիքները հաշվելու` ընդամենը 35 միլիոն դոլար: Դրա վրա տնտեսություն չեն կառուցում», – եզրակացրել է Մակարյանը:





























