Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի վերընտրության համար արվում է հնարավոր ամեն ինչ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով, ընդդիմության դեմ բռնությունները շարունակվում են, ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունը լրջորեն անհանգստացած է եւ փորձում է բոլոր միջոցներով հեռացնել խոչընդոտները, որ բողոքի ակցիաներ չլինեն: «Ի վերջո, Արեւմուտքին պետք է ցույց տալ, որ ընտրություններ հաջող են անցել, եւ Ադրբեջանում նորմալ գործում են ժողովրդավարական հաստատությունները»,- նշել է Ասատրյանը՝ հավելելով, որ այս ընտրություններում ժողովրդավարացման ուղղությամբ քայլեր չի տեսնում:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում  ընդդիմության հանդեպ ճնշումների, դրա բազմաթիվ ակտիվիստների ձերբակալման, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում: Երկու տասնամյակում ձեւավորված «բարի» ավանդույթի համաձայն` բոլոր ռադիոկայանները եւ հեռուստաալիքներն անհասանելի են գործող իշխանությունների քննադատների համար: