Ադրբեջանական ընդդիմությունը  սպառնացել է բողոքի  ակցիաներ սկսել, եթե ընտրությունները կեղծվեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատի փոխնախագահ Ֆուհադ Ղահրամանլին:

Եթե ընտրությունների ադյունքները կասկած հարուցեն, ապա ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի հաշտվի դրանց հետ: «Ջամիլ Հասանլին դրսեւորել է իրեն որպես Ադրբեջանի համաժողովրդական թեկնածու:  Մենք բոլոր ընտրատեղամասերից արդյունքներ  կփորձենք հայտնել: Եթե դա հնարավոր չլինի, հոկտեմբերի 10-ին մենք բողոքի ցույցեր կսկենք», - ասել է Ղահրամանլին:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում  ընդդիմության հանդեպ ճնշումների, դրա բազմաթիվ ակտիվիստների ձերբակալման, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում: Երկու տասնամյակում ձեւավորված «բարի» ավանդույթի համաձայն` բոլոր ռադիոկայանները եւ հեռուստաալիքներն անհասանելի են գործող իշխանությունների քննադատների համար:

Փոխարենը լուրերի թողարկումները ողողված են Ադրբեջանի ժողովրդի այսպես կոչված «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի որդու` Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ` Մեհրիբան Ալիեւայի մարզային հանդիպումների մասին թողարկումներով: