Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը չի փոխվի: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ այս պահին, փաստացի, գոյություն չունեն: «Որքանով Ադրբեջանը կգնա ժողովրդավարացման ուղիով, այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը մեծ կլինի, սակայն այսօրվա դրությամբ դա տեղի չի ունենում, հետեւաբար չեն կարող լինել նաեւ լավատեսական գնահատականներ՝ կապված կայանալիք նախագահական ընտրությունների հետ»,-կարծում է Սողոմոնյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխող էլիտային ձեռնտու է պատերազմը, սակայն, այնուամենայնիվ, կան կարեւոր սահմանափակումներ, որոնք պայմանավորված են այն ուժերի շահերով, որոնք ներկայացված են տարածաշրջանում: Այդ սահմանափակումները սերտորեն կապված են էներգետիկ ռեսուրսների տեղափոխման անվտանգության հետ:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավն անցկացվում է ընդդիմության վրա գործադրվող բացահայտ ճնշման, փորքաթիվ ակտիվիստների եւ բազմաթիվ լրագրողների ձերբակալության ֆոնին: