Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում նրա մեջ, որ հարցը զիջվել է տիկին Փոստանջյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ անդրադառնալով  իր հարցի իրավունքը Զարուհի Փոստանջյանին զիջելու մասին խոսակցություններին:

«Ես ԵԽԽՎ պատվիրակության կազմում եմ շուրջ մեկ ու կես տարի, բայց եղել են բազմաթիվ դեպքեր երբ, հարց տալու կամ ելութ ունենալու իմ իրավունքը զիջել եմ փոխարինող կազմից որեւէ մեկին` անկախ այն հանգամանքից` ընդդիմությունից  թե իշխանությունից է այդ անձը: ԵԽԽՎ կանոնակարգն ինքը սահմանափակում է հիմնական կազմի անդամի իրավունքը` մեկ նստաշրջանի ընթացքում ելույթ ունենալ ավելի քան երեք անգամ: Դա արված է, որպեսզի փոխարինող կազմի անդամներին եւս հնարավորություն տրվի արտահայտել իրենց կարծիքը: Անշուշտ` սա իրավական պարտավորություն չէ, սակայն քաղաքական մշակույթ է: Հակառակ դեպքում` փոխարինող կազմի անհրաժեշտություն ընդհանրապես չէր լինի: Բացի այդ` շատ կարեւոր մի նրբություն կա, որի մասին չի խոսվել: Եթե հիմնական կազմի անդամը իր ձայնը չի օգտագործում` այդ ձայնը դառնում է ազատ, այսինքն` փոխանցվում է պատվիրակության տնօրինմանը: Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում նրա մեջ, որ հարցը զիջվել է տիկին Փոստանջյանին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ չի ցանկանում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ ձայնը զիջելու մասին  այացված որոշման վերաբերյալ որեւէ բան ասել, նա արդեն հրապարակավ արտահայտվել է  ավելացնելու բան չունի: Պատգամավորի համար այս ամբողջ պատմության մեջ երկու արտառոց բան կա. Առաջինը, նրա փոխանցմամբ, Զարուհի Փոստանջյանի հարցն է, որն իր բնույթով թաբլոիդային էր, եւ անսպասելի: «Այն իրականում ընդդիմությանը ոչինչ չտվեց: Չտվեց նաեւ հենց կրեն` հարցնողին:: Սրա մասին վկայում է նաեւ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ գործիչների գրեթե միասնական ոչ դրական արձագանքը` տրված հարցի բովանդակությանը: Երկրորդ` այն որ, որ այսչափ մեծ աղմուկ բարձրացավ Փոստանջյանին ձայնի իրավունքի զիջելու հետ կապված: Քանի որ ԵԽԽՎ պատվիրակության գուրծունեության ավելի քան տաս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ փոխարինումներ` արդյունքում շատ սուր հարցեր եւ ելույթներ, սակայն որեւէ անգամ , երբեք հարց չի բարձրացել թե ինչու կամ ինչպես պատվիրակության այս կամ այն անդամը խոսեց կամ զիջեց: Չեմ ուզում գույները խտացնել, սակայն որոշ հանգամանքներ, ինձ ստիպում են կասկածել, որ այդ մասով աղմուկն ուղղորդված էր եւ պայմանավորված իմ անձի հանգամանքով: Եղան տարբեր մեկնաբանություններ, մասնավորապես եղան մարդիկ որոնք ասացին որ Զարուհի Փոստանջյանին հարցի հնարավորություն չէր տրվի, եթե դա իշխանության կողմից ծրագրավորված չլիներ: Սակայն միշտ չէ, որ այն ինչ ներկայացվում է արտացոլում է իրերի իսկական դրվածքը: Որեւէ դավադրություն, խարդավանք, կամ գաղտնի գործողություն չի իրականացվել: Տեղի է ունեցել մի շատ պարզ բան: Պատգամավորը, որ իր կուսակցության եւ երկրի ղեկավարին հարց ուղղելու այլ ամբիոններ ունի` իր հարցի իրավունքը զիջել է իր գործընկերոջը` մեկ այլ պատգամավորի: Այդ եւ բոլոր այլ մեկնաբանությունները անհեթեթ տեսություններ են, որոնք կարող են հնչեցվել միայն պատվերի պարագայում եւ միայն պարզամիտ լսարանի համար»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: