Ֆրանսիայում դատական գործընթաց է սկսվել յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու նախկին անդամների նկատմամբ որոնց մեղադրում են աղջկան տանջանքների ենթարկելու համար՝ իբր սատանային քշելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Մեղադրյալի աթոռի վրա են հայտնվել չորս անձինք՝ երեք տղամարդ եւ մեկ կիին: Նրանք բոլորն էլ ծագումով Անտիլյան կղզիներից են: Հետաքննության տվյալներով՝ 2011թ.-ին նրանք առեւանգել են ծագումով կամերունցի 19-ամյա աղջկա ու պահել նրան Փարիզի Գրինյի արվարձանի բնակարաններից մեկում: Նրանք նրան կապել են խաչի, այն տեղադրել են ներքնակի վրա ու յոթ օր շարունակ զոհին պահել են այդ վիճակում:

Երբ ոստիկանությունը հայտնաբերել է աղջկան, նրա մոտ ջրազրկում ու հյուծվածություն է նկատվել, նրա մարմնի վրա առկա էին բռնության հետքեր: Էկզորցիզմի զոհը շոկային վիճակում էր: Նրա խոսքով՝ յոթ օրվա ընթացքում իրեն միայն ջուր ու կարագ են տվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Մեղադրող կողմի վարկածի համաձայն՝ սատանային վտարելու գաղափարը պատկանել է կամերունցի աղջկա նախկին ընկերոջը՝ Էրիկ Դերոնին (Eric Deron):  Նա համոզված էր, որ ինքը մարգարե է, եւ սրբազան առաքելություն ունի: Իսկ ապագա զոհի պահվածքն իրեն կասկածելի էր թվացել:

Չորս մեղադրյալների պաշտպանությունը պնդում է, որ իրենք առաջնորդվել են բարի նկատառումներով, իսկ աղջիկն ինքն է օգնություն խնդրել: Փաստաբանի խոսքով՝ ամբաստանյալները չեն դիմել բժշկի, քանի որ կարծել են իրենց բարեկամուհու վատ ինքնազգացողությունը հոգեւոր բնույթ է կրում: