Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արդեն նոր աշխատանք ունի, նոր պարտավորություններ, սակայն, պարզվում է, նա մտածում է եւս մի ուղղությամբ: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Ըստ լավատեղյակների, Աղվան Հովսեփյանը մտադիր է կուսակցական աշխատանք ծավալել, որտեղ ներգրավված կլինի, բնականաբար, նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը:
Այս կուսակցության ստեղծման մասին, ըստ մեր աղբյուրի, նախկին գլխավոր դատախազը մտմտացել է շատ երկար: Ու պատահական չէ, որ վերջերս Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Թուրքիայից Հայաստանը հողային պահանջ ունի եւ մեզ պետք է վերադարձնել մեր տարածքները: Այս դիտակետից էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կառուցվելու է այդ կուսակցության գաղափարախոսությունը: Այլ խոսքով, դաշնակցությանն այլընտրանք է ստեղծվում: Հայրենասիրական կոչերի պակաս չի լինելու, «ծովից ծով» Հայաստանի մասին էլ արդեն երկու կուսակցություն կխոսեն:
Ի դեպ, այս հարցում, ինչպես տեղեկացանք, բավականին դրական արձագանք կա իշխանության վերնախավում»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























