«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում 2014թ.–ի հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Գլխավոր դերակատարը հավանաբար լինելու է վարչապետը։

Հուլիսի 1-ից, ըստ արդեն ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի, պետք է զգալիորեն բարձրանան նաեւ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը։ Սակայն ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի եւ նախարարների աշխատավարձերը։

Էստաֆետը վերցնելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ ՀՀԿ-ի որեւէ պատգամավոր, որը առաջարկելու է չբարձրացնել նաեւ ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների աշխատավարձերը։ Հետո հերթը հասնելու է դատական համակարգին, Սերժ Սարգսյանն էլ հո՝ կա ու կա։ Եվ դա պատճառաբանվելու է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով։ Իսկ իշխանական քարոզչամիջոցները այդ իրադարձությունը պետք է վերածեն կատարյալ շոուի»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):