«Ես իսկապես սիրում եմ Հայաստանը: Անկեղծ եւ սրտաբաց ես պետք է խոստովանեմ, որ դա հզոր երկիր է՝ բարեկամական ու աշխատասեր մարդկանցով, լավ կրթական համակարգով, եւ այլն: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, եւ հասարակ հայ ժողովրդի հետ աշխատելը մշտապես հաճելի է եղել ինձ համար: Դա պարզ է, որ ես չէի ներդնի եւ չէի մնա այդտեղ՝ որպես ներդրող, եթե ես չտեսնեի մեծ, իսկապես մեծ ներուժ այս երկրում, որն ունի հմուտ, կրթված սերունդ: Հայաստանն իսկապես ունի հսկայական ներուժ, եւ դա չի կարող անտեսվել»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց ներկայացրած «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհուբերը:
Միաժամանակ նա ասել է, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ լսել են կատարվածի եւ դատական գործընթացի մասին։ Գերմանացի գործարարն ասել է, որ որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ– ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, քանի որ աչքի առջեւ նման տխուր փորձ է եղել։
Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի հանդեպ Լաքսհաուբերի ներկայացրած պահանջները մերժելու վերաբերյալ։ «Ես տեղյակ եմ, թե ինչպես է հայկական բիզնեսը փոխկապակցված երկրի քաղաքական իշխանության հետ»,– ասել է գերմանացի գործարարը»,– մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























