Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են գյուղապետարանի շենքի մոտ եւ բողոքի ակցիա են անցկացնում՝ կապված խաղողի մթերման գնի հետ:

Գյուղացիները նշում են, որ գյուղնախարարը, մարզպետը, պատգամավորը խաբում են իրենց եւ չեն կատարում տված խոստումները: Աղավնաձորի բնակիչները պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը, քանի որ հարցին լուծում չեն տալիս:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շտապեց վստահեցնել, որ որեւէ խնդիր չկա, հավաքվել են եւ համայնքի ժողով են անում, ճանապարհն էլ չեն փակել: «Գյուղնախարարը վիզ դրած օգնում է, աղմուկ չկա, ամեն ինչ նորմալ է, աշուն է, բերք է, պետք է իրացնենք չէ՞, գնի հետ կապված չենք բարիշում, բայց նորմալ է, սպասեք, պատասխանը կիմանանք»,- ասաց գյուղապետը:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ հրաժարվեց պատասխանել  մեր հարցերին՝ ասելով, թե հարցերը գրավոր ուղարկեք: Հարցին, թե չեք տիրապետում իրավիճակին, նա վստահեցրեց, որ ամբողջապես տիրապետում է, պարզապես պատրաստ չէ կիսվել իր տպավորություններով եւ տեղեկություններով: «Դուք գրավոր ձեր հարցումը ուղարկեք մարզպետարան, մենք ձեզ կպատասխանեք, մենք հիմա օպերատիվ աշխատում ենք»,- ասաց Էդգար Ղազարյանը: