Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մեկնարկել է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը, որը կտեւի երկու օր:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների եւ լրատվամիջոցների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

Փաստաթղթում մասնավորապես նշված է.

-մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,

-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ եւ արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:

ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ԵԽ-ի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը մասնավորապես նշել է. «Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ եւ հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու եւ արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի` հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության եւ անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ եւ 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջեւ։ Մեզ համար չափազանց կարեւոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը` դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձեւավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:

Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի` այն է` մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»:

Երեւան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:

Լիագումար նիստի անցկացումը Երեւանում հատկապես կարեւորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:

ԵԴԽԽ-ն Երեւանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երեւանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երեւանի Հռչակագիրը»:

ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.` ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ եւ հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին` կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ` հանձնարարականի կատարմանը նպաստելու եւ Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:

Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք`

1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»

2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»

3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»

4. «Բորդոյի հռչակագիր»

5. «Երեւանի հռչակագիր»

6.«Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ»

7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»