Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու վերաբերյալ քննարկում, առաջարկ եւ խոսակցություն չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամայիս Գրիգորյանը:
Մեր հարցին, թե այժմ պատգամավո՞ր եք դառնալու՝ փոխարինելով Վահան Հովհաննիսյանին (վերջինս նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան), թե՞ Արարատի մարզպետ կնշանակվեք, նա այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել ոչ պատգամավոր եմ գնում, ոչ էլ մարզպետ եմ գնում, եթե կլինի հրաման, այդ ժամանակ էլ դուք հստակ կիմանաք, ինչ ասեմ ես ձեզ»:
Արամայիս Գրիգորյանը նշեց, որ չի կարող ասել դա իր համար ընդունելի առաջարկ կլինի, թե՝ ոչ, քանի դեռ չկա այդ առաջարկը, նա այդ մասին չի էլ մտածել: «Որ առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կմտածեմ»,- ասաց նա:
Ի դեպ, Արամայիս Գրիգորյանն 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, թիվ 18 ընտրատարածքից ընտրված անկուսակցական Արայիկ Գրիգորյանի եղբայրն է:
Նշենք, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Հինգշաբթի կառավարության նիստին նրա հրաժարականը կընդունվի, իսկ մարզպետարանում տարածված տեղեկությունների համաձայն ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի եղբայրը` Արամայիս Գրիգորյանը:


























