Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնավարման, նոր մարզպետի, ինչպես նաեւ Մարգար Օհանյանի ազատ արձակման հետ:

Պարոն Սարգսյան, որպես հայտնի արարատցի, ո՞ւմ եք տեսնում մարզպետի պաշտոնում, հնարավոր է դուք վերադառնաք այդ պաշտոնին:

Ինչքան հասկացա, Գրիգորյան Արամայիսն է լինելու, կարծում եմ՝ ինֆորմացիան ճիշտ է: Ինքն էլ նախարար է աշխատել, ճանապարհ ունի անցած, գրագետ, նորմալ, խելացի տղա է, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա: Ես կոնկրետ տեսնում եմ, որ ինքը կարող է ղեկավարել մարզը: Որ ես լինեի, հաստատ երկու բան կասեի, ոչ մեկից վախենալու կամ թաքցնելու խնդիր չկա: Իմ կարծիքով՝ Արամայիս Գրիգորյանը նորմալ կաշխատի, լավ հարգանք է վայելում, ընտանիքով ճանաչված են մարզում, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի: 

Ինչպե՞ս եք գնահատում արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնավարումը, հավատո՞ւմ եք, որ պաշտոնանկության պատճառը տարիքն է:

Ճիշտն ասած դա չգիտեմ, կարծում եմ՝ ինքն էլ ցանկություն ուներ գնալու, զրույցների ընթացքում ինքն էլ էր ասում որ, արդեն տարիքս է, ժամանակն է, մարդ ինչքան կարող է մի պաշտոնի աշխատել: Որպես նախկին մարզպետ՝ ասեմ, որ Էդիկ Բարսեղյանը շատ լավ աշխատել է, իր խնդիրները, կարծում եմ, ամբողջությամբ շատ լավ լուծել: Ինքը լինելով ոչ արարատցի, ոչ արտաշատցի, ոչ մասիսցի, ինքը կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում ժողովրդի սերն ու հարգանքը վաստակել, ազնիվ եւ անբասիր աշխատել է:

Քննարկվում է նաեւ, որ հնարավոր է Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության պատճառը նախագահի դժգոհությունն է: Հնարավոր համարո՞ւմ եք այդ վարկածը:

Կարծում եմ՝  նախագահը դժգոհություն չուներ նրանից, շատ լավ է իրեն վերաբերում, միշտ հատուկ ընդգծված հարգանք ուներ, միշտ դրական է արտահայտվել: Ուղղակի մարդու տարիքն է, մարդ մի պաշտոնում երկար մնալով՝ ուղղակի հոգնում է, թող մի քիչ հանգստանա: Կարծում եմ՝ ինչ-որ այլ տեղ նշանակում կլինի, ինքն այն կադրն է, որ դրսում չեն թողնի:

Երեկ համաներմամբ ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ուրա՞խ եք այդ առիթով, զրուցե՞լ եք իր հետ, աչքալուսանք տվե՞լ եք, այցելելու եք նրան:

Ես ոնց կարող եմ մարդու ազատ արձակման համար տխուր լինել, թող գա իր ընտանիքը, տարեց մայր ունի, ինչի՞ մասին է  խոսքը, բնականաբար ուրախ եմ, կարիք չկա զրուցելու, աչքալուսանքի խնդիր չկա, թող ընտանիքի հետ շփվի: Առայժմ չեմ որոշել այցելել, դե կյանք է, տեսնենք, ինչի մասին է խոսքը:

Նշենք, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Հինգշաբթի կառավարության նիստին նրա հրաժարականը կընդունվի, իսկ մարզպետարանում տարածված տեղեկությունների համաձայն ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի  ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ  Գրիգորյանի եղբայրը`  Արամայիս Գրիգորյանը:

Ինգա Մարտինյան