Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդանավերով մի քանի օտարերկրյա ընկերություններ են հետաքրքրվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության տեղեկացված աղբյուրը:

Սակայն թե որ արտասահմանյան կազմակերպություններն են հետաքրքրվում «Արմավիայի» օդանավերով, աղբյուրը առայժմ գերադասեց չհայտնել:

Ինչ վերաբերում է «Արմավիայի»՝ շուկա վերադառնալու հնարավորությանը, ապա աղբյուրը դա համարել է ծայրահեղ քիչ հավանական: «Միխայիլ Բաղդասարովը կտրականապես դեմ է ավիացիա վերադառնալուն»,- հաղորդել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքներն ու հայտարարել էր սնանկացման մասին: Վերջին շրջանում ընկերությունը պարբերաբար ֆինանսական խնդիրներ էր ունենում, որոնց հետեւանքով մեկ անգամ չէ, որ թռիչքները հետաձգվում էին: