«ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։

 Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը եւ ո՞ւմ համար։ Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում։

Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք եւ հետեւաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը։ Իշխանության վերին օղակներում արդեն տեւական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետեւ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը», - գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):