Եթե ինձ նախագահը ասած կամ  ակնարկած լիներ, ես էլ դիմում գրած կլինեի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո  Շահգալդյանը՝ մեկնաբանելով իր հնարավոր պաշտոնանկության լուրերը:

Նա շեշտեց, որ տարիքը խոչընդոտ չէ աշխատելու: «Դա նախագահի իրավունքն է, իհարկե, բայց չեմ կարծում, որ տարիքը խանգարող հանգամանք է, աշխատանքը կատարվում է ունակություններով, ոչ թե տարիքով»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը, ով հասակակից է վերջերս աշխատանքից ազատման դիմում գրած Արարատի Մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ: Վերջինս, ի դեպ, պաշտոնանկությունը մեկնաբանել էր տարիքի հանգամանքով:

Կովալենկո Շահգալդյանն ասաց, որ Ջերմուկում նախագահը ոչ մի դժգոհություն որեւէ մարզպետից չի հայտնել, որովհետեւ այնտեղ քննարկվում էին համայնքների խոշորացման, գյուղատնտեսական թեմաներ: «Մի շտապեք, ամեն ինչ իր ժամանակին եւ սահմանված կարգով լինում է, եթե ես էլ դիմում գրած լինեմ, առաջինը ձեզ եմ ասելու, հավաքելու եմ բոլոր լրատվամիջոցներին, հրավիրելու եմ, ասեմ՝ ես որոշում եմ կայացրել աշխատանքից ազատվել, ձեր ավելի քան 10 տարվա ցանկությունը կկատարվի, բայց հիմա այդպիսի բան չկա: Դեռեւս ունակ եմ աշխատելու, շարունակելու պաշտոնավարել, այնպես որ երբ դիմում գրեմ, այդ ժամանակ էլ կիմանաք»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին։. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ  այս մասին Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ այդմ. Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են եւ արդեն թոշակային տարիքի են մոտենում։

Բայց Կ. Շահգալդյանի դեպքում հրաժարականն օրհասական է դարձել ոչ միայն 67 տարեկան լինելու պատճառով, այլ որ դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված է նաեւ Կոտայքի մարզպետարանը»,- գրում է «Ժողովուրդը»: