Չարենցավանի «Ասկե գրուփ» ընկերությունը ավարտին է մոտեցնում ամրանների արտադրության արտադրամասի կառուցումը: Նախապես հայտարարվել էր, որ ամրանների արտադրությունը կսկսի հունիսին, սակայն սարքավորումների ստացումը փոքր-ինչ ուշացել է:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն իրականացնում է ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ (ամրանների գլոցման հաստոն, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ եւ այլն)` վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության:

Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ապրանքների ներմուծման եւ տեղադրման աշխատանքների գերակշիռ մասը: Պետք է ներմուծվի վերջին խմբաքանակը` օդի բաժանման մեքենան (ապրանքների ուշացման պատճառը մատակարար ընկերության կողմից նախնական ժամկետների խախտումն է): Սակայն ավելացված արժեքի հարկի վճարման տարկետման արտոնությունը տրված էր մինչ օգոստոս ներկրված ապրանքների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգ է մտցրել այդ ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագիծ, որպեսզի ներդրումային ծրագիրն ավարտին հասցվի: