«Իմ երեխաները մեր ընտանիքում վատ բան չեն տեսնում, որ վատ բան սովորեն: Իրենք չեն կարող վատ երեխա լինել: Ես նրանց միշտ ասում եմ, որ այնպես պետք է ապրեն, որ վաղը ասեն, ոչ թե Սամվելի տղեն ա, այլ Գոռիկի պապան»:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ պատասխանեց իրենց ընտանիքի շուրջ աղմուկ հանած եւս մի քանի հարցի:

Պարոն Ալեքսանյան ժողովրդի մեջ դժգոհություններ կան,  որ Փակ շուկայի տեսքը աղավաղվել է:

Թող դժգոհելու փոխարեն խորհուրդ տային, մենք էլ անեինք: Էտ ո՞ր մեկն ա զանգել-ասել, Պարոն Ալեքսանյա, հանդիպենք, շուկայի հարցով մի հատ խոսանք, խորհուրդ տանք: Թող մեկը գա ասի: Այդ նույն դժգոհողները ինչի՞ ցույցի չէին դուրս գալիս, երբ շուկան կռիսանոցի, տուալետի էր վերածվել ու քարերը սկսել էին թափվել: Այդ ժամանակ կհասկանայի: Կամ ինչի՞ չեն ասում, որ տաղավարները անվճար ենք տրամադրում:

Որքա՞ն ժամանակ են առեւտրականները անվճար տաղավարներից օգտվելու:

Պարզ է, որ մշտապես անվճար չի լինելու: Հիմա մենք 1000 հատ հարց ունենք, սաղին անվճար տաղավար տանք, բա մեր ծախսերը ո՞վ հոգա: Դեռ որոշված չի:

Գյուղացիների դեմ ի՞նչ ունեք: Ասում են՝ նրանց տաղավար չեք տրամադրում:

Նման բան չկա, այ, ցավդ տանեմ: Ճակատին հո՞ գրված չի՝ գյուղացի՞ ա, թե՞ քաղաքացի:

Ձեր երեխաների կնունքը մեծ աղմուկ բարձրացրեց: Հատկապես մարդկանց վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ եկեղեցին փակ էր:

Բա ինչի՞ մեկը աղմուկ չբարձրացրեց, չասացին, որ այդ եկեղեցին ու բակը բարեկարգել եմ: Գնացեք-նայեք, նստարաններից, այգուց, ռեմոնտից վերջացրած ես եմ արել: Բա խի՞ մի օր չգրեցին, բա թող գրեին: Վերջ ես այդ թեմայով էլ չեմ խոսում: Վիրավորված եմ:

Ասում են՝ ձեր երեխաների կնունքին ամբողջ աշխարհից հյուրեր եք ունեցել ու ձեր երեխաները ձեզ եւ ձեր տիկնոջը երգ են նվիրել:

Ճիշտ է, ամբողջ աշխարհից հյուրեր ունեինք: Իսկ երգի մասին մենք տեղյակ չէինք: Դա մեզ համար անակնկալ էր: Որ ծնողին հաճելի՞ չէր լինի, որ իր երեխաները իրենց երգ նվիրեն:Բա իհարկե, հաճելի էր: Ի՞նչ վատ բան կա դրանում: Անցյալս ոչ մի բանով պակաս չի, սիրուն եմ, իմ համար զրոյից մաքուր ապրած մարդ եմ: Ոչ մեկից ոչ բուդկա եմ խլել, ոչ էլ մի տեղ գլուխս կախելու բան ունեմ, որ մի տեղ գլխիս խփել են, ձեն չեմ հանել: Հիմա ինչո՞վ ենք մեղավոր, մենք էլ էս ձեւով ապրող մարդ ենք:

Ինչի՞ց էին զարմացած արտասահմանցի հյուրերը: Ինչով են մեր կնունքները տարբերվում:

Սաղ ուրախ, սաղ գոհ գնացին: Շատ լավ անցավ: Մեր ժողովուրդը շատ ջերմ ա, իսկ իրենց մոտ տանում են հաց տալիս, հետո հյուրանոց ու ճանապարհում: Մեզ մոտ ուրիշ ա: Մեզ մոտ 2-3 օր մնացել են: Ամեն տեղ տարել, ման ենք տվել` Էջմիածնով, Գառնիով:

Պարոն Ալեքսանյան, ձեր մասին շատ են խոսում: Դուք ձեր զավակներին հայրական ի՞նչ խորհուրդ եք տալիս:

Իմ երեխաները ոչ երեսառած են, ոչ հղփացած:  Խելոք, համեստ, իրենց դասերով եւ գործերով: Մեր ընտանիքում վատ բան չեն տեսնում, որ վատ բան սովորեն: Իրենք չեն կարող վատ երեխա լինել: Ես իմ էրեխեքին միշտ ասում եմ, որ այնպես ապրեն, որ վաղը ասեն, ոչ թե Սամվելի տղեն ա, այլ Գոռիկի պապան: Իրենք ինձանից մի 10-ը քայլ առաջ պետք է լինեն: Եթե ասեն Սամվելի տղեն ա, ուրեմն ինքը առաջ չի գնացել: Իսկ, երբ ասեն՝ ես Գոռիկի պապան եմ, ուրեմն ինքը ինձանից առաջ ա գնացել, որից ես ինձ լավ կզգամ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը