Ադրբեջանին վաճառված սպառազինություններից ստացված միջոցներով Ռուսաստանը գնել է ավելի ժամանակակից տեխնիկա, որն այժմ տեղակայվում է Ադրբեջանի հարեւանությամբ: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորամասերի հարստացման մասին:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասնի, որ մինչեւ տարեվերջ պետական պաշտպանական պատվերի շրջանակներում Հարավային ռազմական շրջանի զորամասեր կներկրեն արդիականացված ռազմական տեխնիկայի ավելի քան 450 միավոր նոր եւ՝ բեռնատար եւ տրանսպորտային միջոցներ, ինքնագնաց զենք, զրահամեքենաներ, տարբեր հրթիռային համակարգեր: Նոր ռազմական տեխնիկայի եւ զենքի շահագործումը կիրականացնեն լավագույն անձնակազմերն ու հաշվարկները, որոնք անցել են անհրաժեշտ հատուկ պատրաստություն՝ օգտագործելով ժամանակակից մարզողական համակարգեր:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան նույնպես մտնում է Հարավային ռազմական շրջանի մեջ:

«Ադրբեջանը հպարտանում էր 4,5 միլիարդով, որը ծախսել էր Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու համար: Այժմ իրավիճակն այսպիսին է. Ռուսաստանն ավելի ժամանակակից սպառազինություններ է տեղակայում հենց Ադրբեջանի հարեւանությամբ, հավանաբար, քանի որ չի վստահում նրան»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ սպառազինություններով, ամենայն հավանականությամբ, կհարստացվի Հայաստանում տեղակայված ռազմակայանը: «Ակնհայտ է, որ ՀՌՇ-ի հագեցումը Վրաստանի դեմ չէ ուղղված»,- հավելել է Արկադի Գրիգորյանը:

Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի ակտիվացման ու նրա կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում նրան փոխանցված սպառազինությունները հնարավորի կլինի արգելափակել: