Հարբած «դեբոշ» կազմակերպելու համար օդանավից հեռացված Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» կուսակցութան պատգամավոր Անդրեյ Իսայեւը կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալի լիազորություններից հրաժարվելու դիմում է գրել:

Պատգամավորը խոստովանել է կատարվածը եւ ներողություն խնդրել օդանավի աշխատակիցներից եւ ուղեւորներից:

Իսայեւը մտադիր է դադարեցնել «Եդինայա Ռոսիյայի» գլխավոր խորհրդում իր անդամակցությունը, հայտնում է  «Նովիե իզվեստիան»: Ընդ որում` պատգամավորը որոշել է մնալ կուսակցության կազմում եւ կպահպանի իր մանդատը: 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պատգամավոր Իսայեւի եւ նրա  օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:  Օդանավ էր բարձրացել պատգամավորի հարբած օգնականը: Իսայեւը պահանջել է նրան տեղավորել բիզնես-դասում, սակայն ուղեկցորդուհիները մերժել էին: Այդ ժամանակ էլ «եդինոռոսն» աղմուկ էր բարձրացրել, որի հետեւանքով էլ չվերթը մեկուկես ժամով հետաձգվել էր: Ավելի ուշ կռվարարին հեռացրել էին օդանավից: Դրա ականատեսն էր դարձել «ՎԿոնտակտե»-ի փոխնախագահ Իլյա Պերեկոպսկին:

 Ռուսաստանցի պատգամավորին հեռացրել են չվերթից` հարբած վիճակում «դեբոշ» կազմակերպելու համար

 Ավելի ուշ Իսայեւը նշել էր, որ իր օգնականին կալանավորել էին եւ տուգանել 100 ռուբլով` հարբած վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար, իսկ իրեն ոչ մի պահանջ չէին ներկայացրել: Ըստ պատգամավորի` օգնականն արդեն հրաժարականի դիմում է գրել:

Ռուս պատգամավորը բացատրություններ է տվել՝ կապված օդանավում տեղի ունեցած միջադեպի հետ. Հարբած է եղել նրա օգնականը