Հաագայի միջազգային քրեական դատարանը վճիռ է կայացրել այն մասին, որ Մուամար Քադաֆիի մտերիմ զինակից, հետախուզության նախկին պետ Աբդուլլահ ալ-Սենուսիի գործը կարող է քննվել Լիբիայում: Այս մասին ասված է Հաագայի դատարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այս որոշումը նշանակում է, որ միջազգային դատարանն այլեւս չի ձգտելու հասնել Սենուսիի արտահանձնմանը: Միաժամանակ, հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումը չի ազդի Քադաֆիի որդու՝ Սեյլ ալ-Իսլամի գործի վրա: Միջազգային դատարանը կշարունակի պահանջել նրա արտահանձնումը:
Սենուսիի փաստաբան Բեն Էմերսոնը Agence France-Presse-ին հայտնել է, որ Հաագայի դատարանի որոշումը «ցնցող» է եւ կհանգեցնի նրան, որ իր պաշտպանյալին կհանձնեն «ամբողխի դատին», հաղորդում է Lenta.ru-ն:
Նշենք, որ Աբդուլլահ ալ-Սենուսիի, Սեյֆ ալ-Իսլամի եւ Քադաֆիի ռեժիմի եւս 20 ներկայացուցիչների դեմ գործերով նախնական լսումները սկսվել են սեպտեմբերին՝ Տրիպոլիում:





























