Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 11-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը։ (ֆոտոռեպորտաժ)

 Նախորդ նիստին մեղադրյալ Արթուր Բաբլոյանի հարցաքննությունը ընդհատվել էր , քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հարցաքննությունը շարունակվեց այսօր. ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը պատասխանեց միայն մեղադրող Արմեն Մարուխյանի եւ դատավորի հարցերին, Ավետյանների ընտանիքի փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերը կրկին մնացին անպատասխան:

Փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ տարօրինակ է ամբաստանյալների նման պահվածքը. «Մի դեպքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, զղջում է կատարվածի համար, մյուս կողմից էլ հրաժարվում է պատասխանել տուժողների ներկայացուցիչների հարցերին»:

Նշենք, որ նախորդ նիստին ամբաստանյալներից երեքը՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը ինքնախոստովանական ցուցմունք էին տվել: Նորայր Հայրապետյանը հայտարարել էր, որ միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին:

Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը ասել էր, որ ինքն է ծեծել Գարիկ Սողոմոնյանին. «Սկսեց հայհոյել, հարձակվեց իմ վրա: Խփեց, դե ես էլ սկսեցի խփել իրեն ու կռիվ սկսվեց: Բայց ինքն էլ ինձ ա խփել, քանի որ ես վնասվածքներ եմ ստացել»,- պատմել էր Արթուր Բաբլոյանը։

Այսօր հարցաքննության ժամանակ դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է հարվածել, նա պատասխանեց՝ աջ ձեռքով. «Խփել եմ իրա դեմքին, քթին, կոտրվածքը ես եմ պատճառել, իրա հետ մենակ ես եմ կռվել: Ոչ սթափ վիճակում էր, ասեցի՝ թող փախի ստեղից»,- պատմեց նա ու հավելեց, որ Գարիկ Սողոմոնյանն էլ հարվածել է իր աչքին, - «Ձախ աչքս ա արյունահոսել, բայց բուժօգնության չեմ դիմել, ինքն իրան անցել ա, մեկ էլ ձեռքիս քերծվածքներ են եղել»:

Նա պատմեց, որ այդ օրը ոչ ոքի չի տեսել գետնին ընկած. իր հարվածից «պպզած»՝ տուժող Գարիկ Սողոմոնյանն էլ կանգնել է, ասել՝ «դուք ձեր հալը կտեսնեք» ու հեռացել:

Հարցաքննությունից հետո մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց, որպեսզի դատարանը նիստը հետաձգի՝ պատճառաբանելով, որ ժամանակ է հարկավոր ամբաստանյալների ցուցմունքերն ուսումնասիրելու համար:

 Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին, 23:00-ի սահմաններում հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:

Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: