Երեւանի 2795-ամյակի կապակցությամբ (ֆոտոռեպորտաժ) Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա եւ ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգեւատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:
Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երեւանի եւ երեւանցու բարօրությանն ուղղված ներդրման համար:
«Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երեւանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարեւորն է, բոլոր այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքն արել ու անում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստահ եղեք, որ նման նվիրումը եւ աշխատանքը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը՝ երաժշտության բնագավառում բազմամյա վաստակի եւ ստեղծագործական նվաճումների համար:
Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ բազմամյա վաստակի եւ արգասաբեր գործունեության համար:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին՝ Երեւան քաղաքում առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի եւ անմնացորդ աշխատանքի համար:
Լրատվության բնագավառում նշանակալի ավանդի եւ անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից Տիգրան Լիլոյանը:
Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, մշակույթի բնագավառում բազմամյա վաստակի եւ արգասաբեր գործունեության համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Երեւան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի եւ անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալի է արժանացել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի եւ երկարամյա վաստակի համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը:
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարուսույց Հովհաննես Խաչիկյանը եւս պարգեւատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով՝ պարարվեստի բնագավառում մատուցած ծառայությունների եւ երկարամյա վաստակի համար:
Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը պարգեւատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում երկարամյա վաստակի համար:
Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով հրապարակախոսական, հասարակական, գրական լայն գործունեություն ծավալելու եւ ստեղծագործական մեծ վաստակի համար պարգեւատրվել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Գեղագիտական դաստիարակության բնագավառում բազմամյա վաստակի եւ արգասաբեր գործունեության համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել նաեւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը:
Պարգեւատրվածներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին գնահատանքի եւ ուշադրության համար՝ հատկանշելով, որ պարգեւը պարտավորեցնում է ավելին անելու սիրելի մայրաքաղաքի՝ Երեւանի համար:





























