Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիսապետել է Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը: 

Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:

Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Գարեգին Բ-ն «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք է գործել նորակառույց տաճար:

Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի եւ Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի հայ համայնքի եւ թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Հայ համայնքին շնորհավորել է Վերխոտուրի եւ Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը` իր խոսքում անդրադառնալով նաեւ եկեղեցու կարեւոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլի միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայել է Ս. Հարության սրբապատկեր:

Տաճարի օծման առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ է փոխանցել ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Եկեղեցու օծման առիթով հայ համայնքի քսաներկու անդամների Գարեգին Բ-ի կողմից հանձնվել են Հայրապետական օրհնության գրեր` եկեղեցաշինության սրբազան գործում ունեցած ավանդի համար:

Նույն օրը Վերխոտուրի եւ Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Գարեգին Բ-ն այցելել է Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար եւ թանգարան: