«Միասնական ազգային շարժման» գերակայություններից մեկը բազմազգ եւ  բազմադավան վրացական ազգի ներկայացուցիչների հավասար  ընդգրկումն է  երկրի  հասարակական եւ  քաղաքական կյանքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու, Սահակաշվիլիի կուսակից Դավիթ Բաքրաձեն՝ պատասխանելով «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ քաղաքականություն կիրականացնի՝ ապահովելու համար ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցությունը եւ ինտեգրումը Վրաստանի սոցիալ-քաղաքական կյանքին:

«Պետությունը պետք է  ապահովի  իր քաղաքացիների շահերի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Դրա համար «Միասնական  ազգային շարժումը» ձգտում է այնպիսի  հասարակության ձեւավորման համար, որը  հիմնվում է  օրենքի առջեւ հավասարության, հանդուրժողականության, արդարացիության եւ  բազմակարծության վրա:

«Միասնական ազգային շարժման» կարծիքով, անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել մշակութային բազմազանության եւ ազգային ինքնակենցաղի պահպանմանը  եւ  զարգացմանը, տարբեր ազգային թե  կրոնական խմբերի  ինտեգրման եւ երկրի  զարգացմանը միանալուն: Պետք է  ստեղծվեն պայմաններ  այս  խմբերի  անհատականության եւ մշակույթի  պահպանման ու զարգացման համար»,-հայտարարել է Բաքրաձեն:

Նրա խոսքով՝ «Միասնական ազգային  շարժումը» կողմ է արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ կապերի խորացմանը, սփյուռքի  ներկայացուցիչների համար աջակցությանը, մայրենի լեզվի ուսուցմանը եւ  նրանց կողմից  մշակութային  ինքնակենցաղի պահպանմանը:

«Միեւնույն ժամանակ, «Միասնական ազգային շարժման» համար  գլխավորը հանդուրժողականության եւ  բազմազանության սկզբունքն է: Առանց դրա անհնար է մարդու իրավունքների հարգում եւ  առաջընթաց: Պետությունը պետք է դիմակայի  քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորման»,-ընդգծել է Վրաստանի նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը նաեւ ձգտում է, որպեսզի  աջակցի կրոնի եւ  քաղաքականության  սահմանազատմանը, պաշտպանված լինեն սահմանադրական  դրույթները, այդ թվում Վրաստանի  բոլոր քաղաքացիների  իրավունքը՝ պատկանալու  ցանկացած կրոնի ու դավանանքի: