Բիրյուլեւոյոմ խռովությունը ազգամիջյան հարաբերությունները սրելու փորձ է: Այս մասին հայտնել է  Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Մոսկվայի Բիրյուլեւո թաղամասի իրավիճակը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Վոստրյակովյան անցուղում սպանվել էր 25-ամյա Եգոր Շչերբակովը: Երիտասարդն իր ընկերուհուն տուն ուղեկցելիս էր եղել, երբ անհայտ մի տղամարդ սկսել էր սիրահետել աղջկան, վեճ էր ծագել: Արդյունքում տղամարդը  դանակահարել էր Շչերբակովին եւ փախել:  Աղջիկը հայտնել էր, որ մարդասպանը «կովկասցու» արտաքին է ունեցել:

Հոկտեմբերի 12-ի երեկոյան Բիրյուլեւոյում տեղի բնակիչների  ցույց էր տեղի ունեցել: Գիշերն այդ թաղամասում հերթապահել էին ազգայնականները, մի քանի բախումներ էր տեղի ունեցել ոստիկանների հետ:  Ցույցը շարունակվել էր նաեւ հոկտեմբերի 13-ին: Ազգայնականները եւ սափրագլուխները ավերել էին տեղի առեւտրի կենտրոնը եւ բանջարաղենի վաճառակետը: ՕՄՕՆ-ը չէր կարողացել կանգնեցնել գազազած ամբոխին, ըստ ՆԳՆ-ի` Բիրյուլեւոյում ձերբակալել էին 380 մարդու: Վիրավորվել էր հինգ ոստիկան:

ՌՀՄ-ի փոխնախագահ Լեւոն Մուքանյանը նշել է, որ  իրավիճակը սադրանքի է նման: Ըստ նրա` Մոսկվայի նման մեգապոլիսում ամեն օր հարյուրավոր հանցագործություններ են կատարվում, այդ թվում նաեւ` թալան եւ սպանություն, եւ հենց այս դեպքն է դարձել լրատվամիջոցների ուշադրության առարկա:  «Ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու փորձ է արվում», - եզրակացրել է Լեւոն Մուքանյանը: Կատարվածի մյուս հավանական պատճառն էլ  գույքի  վերաբաշխումն է:

Լեւոն Մուքանյանը նշել է, որ իշխանություններն ու ոստիկանները համարժեք են արձագանքում իրավիճակին. «Եթե նախկինում ազգայնական կրքեր էին բորբոքվում, այժմ ոստիկանությունը կանխում է դա: Վստահ ենք, որ իրավապահները կգտնեն հանցագործին: Նաեւ ցավակցում ենք սպանվածի հարազատներին»: Միաժամանակ, ՌՀՄ-ն Բիրյուլեւոյի հայ բնակիչներին խորհուրդ է տալիս զգույշ լինել,  ավելորդ անգամ փողոց դուրս չգալ:

Այս պահին ՌՀՄ-ն տուժած կամ ձերբակալված հայերի մասին տվյալներ չունի: Պատճառն այն է, որ ոստիկանությունը տվյալներ չի հրապարակում, տուժածներն իրենք էլ ձգտում են ուշադրություն չգրավել եւ բժշկի չեն դիմում:

NEWS.am-ի տվյալներով՝ Մոսկվայի բանջարեղենի շուկաների մեծ մասը ադրբեջանցիներին է պատկանում: Այդ պատճառով ակցիան կարող է ուղղված լինել ոչ թե «կովկասցիների», այլ հենց ադրբեջանցիների դեմ: Ինչ վերաբերում է կայանների աշխատակիցներին, նրանց 80%-ը միգրանտներ են: Շուկաների տերերը ուրախությամբ աշխատանքի կվերցնեին տեղացիներին, բայց մոսկվացիները նման աշխատանքներից հրաժարվում են: