«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը ընդունում է «Փակ շուկան» կառուցապատողի կողմնակիցների բանավեճի առաջարկը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Վարդան Հակոբյանը։
Նա նշեց, որ պայմանը մեկն է՝ բանավեճը պետք է լինի հրապարակային՝ որեւէ հեռուստալիքի շրջանակում։ «Նախաձեռնությունը ոչ մի սահմանափակում չի դնում եւ բանավեճի եւ լուծումներ փնտրելու ուղղությամբ։ Նախաձեռնությունը բաց է որեւէ քննարկման համար, դրանք պետք է լինեն հրապարակային եւ պատկան մարմնի ներկայությամբ, անձնական հանդիպումներ չենք պատրաստվում ունենալ»,- ասաց Վարդան Հակոբյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեեւ մեկ օր առաջ նշել են Երեւանի 2795 ամյակը, բայց քաղաքում 100 տարվանից հին շենք չկա, այժմ էլ Շահումյան հրապարակի մոտ է շենք քանդվել, որտեղ, ըստ տեղեկությունների, հերթական էլիտար շենքն են կառուցում։
«Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ եթե Սամվել Ալեքսանյանը ընդունում է, որ ինքն է կառուցապատողը, ապա իրենք պատրաստ են վերջինիս հետ քննարկելու այդ հարցը։ «Եթե Սամվել Ալեքսանյանը պատրաստ է կառուցապատողի անունից հանդես գալու, մենք պատրաստ ենք նրա հետ նստել եւ քննարկելու այդ հարցը»,- ասաց նա։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ քննարկման եկող սուբյեկտը պետք է ուղիղ ձեւով ներկայացնի կառուցապատողին՝ սեփականատիրոջը, հակառակ դեպքում եթե որեւէ մեկը գա եւ իր նախաձեռնությամբ քննարկում կազմակերպի, դա անպտուղ բանավեճ կլինի։ «Իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության եւ ոստիկանության, հայտարարում են, որ պետք է հուշարձանը դիտավորությամբ վնասված լիներ, որ հարուցվեր քրեական գործ եւ հետապնդում իրականացվեր մեղավորների նկատմամբ, դա ակնհայտ կեղծիք է։ Մյուս պնդումը, թե չեն ունեցել պետական, պատկան մարմինների համապատասխան փաստաթղթեր, հաղորդումներ, որպեսզի կարողանան երեւույթին գնահատական տալ, եւս սուտ է։ Ակնհայտ է որ ճարտարապետներ, սրտացավ քաղաքացիներ բազմիցս հրապարակավ հայտարարել եւ քննարկել են Փակ շուկային հասցված վնասի մասին, անձամբ ես օրական տասը-տասնհիգ անդամ ոտսիկանությանը դիմել են՝ նշելով, որ վնասվել է մշակույթի հուշարձանը, կատարվել է ապօրինի շինարարություն, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել»,- ասաց նա։
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Փակ շուկայի» խնդրով իրենց հարցմանը դատախազությունից պատասխանել են, որ կառուցապատղոն ունի թույլտվություն եւ նշել է համարը։ Նա շեշտեց, որ իրավապահ մարմինները չեն կատարում իրենց գործառույթները, կոծկում են հանցագործությունները եւ դրանով օժանդակում են ապօրինությանը։
«Եթե խախտվել եւ խախտվում է օրենքը, ուրեմն մենք պետք է հետամուտ լինենք դրա վերականգնմանը, չի կարելի դա անվանել շոու»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը պարտավոր է դադարեցնել այդ ակցիան, որը հովանավորում է։
Ի դեպ, այսօրվա կլոր սեղան-բանավեճ քննարկմանը ներկա էին ներկայացուցիներ պատկան մարմիններից, թեեւ հրավեր ուղարկվել էր, սա նախաձեռնող խմբի անդամներըորակեցին պատասխանատվություն խուսափելու ձեւ եւ հովանավորություն կատարավածի նկատմամբ։





























