Մենք այստեղ պաշտպանում ենք Սամվել Ալեքսանյանին՝ ինքն իրենից,  Սամվել Ալեքսանյանի միջի մարդուն՝ իր միջի գիշատչից։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի13-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Գարեգին Չուգասզյանը։

Նա նշեց, որ այսօր վերջացավ «Էրեբունի-Երեւանի» աղմկոտ 200 միլիոնանոց միջոցառումը, եւ մենք նորից վերադառնում ենք  մեր իրական քաղաք՝  իր  խնդիրներով, որտեղ կա «Փակ շուկայի» խնդիրը։ Դա, Գարեգին Չուգասզյանի պնդմամբ, ապօրինության բացառիկ մի օրինակ է, այս պարագայում անօրինական շինարարությունը բազմիցս արձանագրվել է, տուգանվել է կառուցապատողը, որից հետո շինարարությունը շարունակվել է, գրություն է ուղարկվել դատախազություն, եւ վերջինս հանցակազմ չի տեսել այս ամենի մեջ, իրավական վակումի մեջ ենք հայտնվել։

Ըստ որում՝ խախտվել են ոչ միայն ՀՀ օրենքները, այլեւ միջազգային օրենքները,  բացակայում են մի շարք փաստաթղթեր, օրինակ պետք է կնքվեր հատուկ պահպանողական պարտովագիր, լիներ  Կադաստրի թույլտվություն։ Հենց սկզբից ակտիվիստները պայքարել են հուշարձանի համար, իսկ «այս նախաձեռնությունը մարաթոն վազողների նախաձեռնություն է եւ մենք հասնելու ենք մեր նպատակին»։

Չուգասզյանի խոսքով՝ իրենք նպատակին հասնելու համար օգտագործելու են քաղաքացիական ակտիվության, անհնազանդության ողջ զինանոցը, կան եւ կլինեն նաեւ դատական պրոցեսներ, այլապես, նախաձեռնող անդամի պնդմամբ, եթե հասարակությունը կուլ տվեց այս դեպքը, ապագայում մեկ այլ  հուշարձան եւս կարող է նման ճակատագրի արժանանալ։

Անդրադառնալով իրենց կողմից կազմակերպվող ակցիաների մասին հնչող քննադատություններին, մասնավորապես դրանց արդյունավետությանը, Գարեգին Չուգասզյանն ասաց, որ եթե իրենց ակցիաների հետեւանքով փակվում է «Փակ շուկայի» առջեւը, հասարակությունը հնարավորություն է ստանում իրազեկվելու, դա արդեն խոսում է արդյունավետության մասին, այն, որ այս հարցը հայտնվում է լրատվամիջոցներում, նշանակում է, որ այն հասարակությանը հուզում է եւ պետք է արժանանա բավարար ուշադրության։

«Անհիմն քննադատություններ կլինեն, որովհետեւ պայքար է գնում օլիգարխիայի դեմ»,- ասաց նա՝ հավելելով. «Մենք այստեղ պաշտպանում ենք Սամվել Ալեքսանյանին` ինքն իրենից, Սամվել Ալեքսանյանի միջի մարդուն՝ իր միջի գիշատչից: Մենք այստեղ հասկանում ենք, թե ինչու համար ենք հավաքվել եւ մեր նպատակը ոչ թե անձին վերացնելը, վնասելն է, այլ համակարգը բուժելը»:

Գարեգին Չուքասզյանն ասաց նաեւ, որ երբ նայում էր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի կադրերը, պատկերացնում էր, թե այդ երեխաները մի քանի տարի հետո ինչ ծանր ապրումներ են ունենալու` հասկանալով, որ այն քաղաքում, որտեղ իրենք ապրում են որոշակի պատասխանատվություն պետք է կրի համապատասխան իրենց հայրը: «Ես ցավով եմ դա ասում, որովհետեւ ինձ համար նրանք մեր երեխաները»,-ասաց նա: