Երբ երկրում աշխատանքի ընդունելը ղեկավարվում է նեպոտիզմով եւ անձնական համակրանքով, վնասվում են բոլոր քաղաքացիները. տարբերություն չկա վրացի, թե ոչ վրացի: Այս մասին «Վրաստանի Հայ համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնին տված հարցազրույցում նշել է Վրաստանի նախագահի թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
«Ուղղակի ոչ վրացու օրինակով դա միշտ ավելի ցայտուն է երեւում: Երեւի Դուք գիտեք շատ արժանի, երիտասարդ մարդկանց, որոնք իսկապես կարող էին «զարդարել» ցանկացած նախարարություն, բայց նրանց մոտիկ չեն թողնում, նունիսկ եթե իրենց ազգանունը Բագրատիոնի-Մուխրանկի է: Այդպես է ստացվում, որովհետեւ աշխատանքի ընդունելուց լինում են ինչ-որ չափանիշներ (նեպոտիզմ-խմբ )»,-ասաց նա:
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք բացեիբաց աջակցել Վրաստանում «Տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիայի» վավերացման գործընթացին, նա պատասխանել է. «Խարտիայի հարցը շատ բարդ է, եւ դուք դա շատ լավ գիտեք: Իմ կողմից անազնիվ կլիներ, եթե ես ասեի այո՛, նախագահ դառնալուն պես կընդունեմ խարտիան: Այդպիսի բան ասելն իմ կողմից եւ՛ սխալ կլիներ, եւ՛ անվայելուչ: Եկե՛ք խոստովանենք նաեւ այն, որ, երբ Եվրոպական երկրները ընդունեցին այս Խարտիան, դրան շատ բան էր նախորդում: Նրանք արդեն հասարակության մեջ ունեին ամբողջական ինտեգրացում, շատ խնդիրներ լուծված էին... եկե՛ք ազնիվ խոսենք եւ ամեն ինչ կոչենք իրենց անուններով:
Եթե ընդունենք այս Խարտիան, եւ Ջավախքում, եւ Քվեմո Քարթլի- Մառնեուլիում, եւ Գարդաբանիում դատավարությունն ու գործավարությունը կսկսենք ադրբեջաներեն եւ հայերեն լեզուներով... այդպես չի՛ ստացվի: Հավատացե՛ք, դա կառաջացնի ավելի մեծ խնդիրներ: Ամենից առաջ մենք առանց այդ էլ շատ թեմաներ ունենք լուծելու:
Բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է պաշտպանի յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնության լեզուն: Ինչպե՞ս: Կասեմ շատ հասարակ: Դպրոցներում մայրենի լեզուն, տվյալ դեպքում հայերենը, պետք է ուսուցանվի պահանջվող մակարդակում: Երբ հայկական դպրոցներում խնդիր չի լինի, խնդիր չի լինի նաեւ հայերենի ուսուցանման հետ եւ դա կնշանակի, որ լեզուն պաշտպանված է: Փառք Աստծո, չէ՞ որ մենք չունենք խնդիր, որ ինչ-որ մեկը չկարողանա հայերեն լեզվով գիրք ձեռք բերել»:





























