Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վստահ է, որ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Մոսկվայի մարդը» չէ եւ որ այդ առնչությամբ երդվել սրբանկարի վրա, սակայն նշում է, որ նույնը չի կարող ասել Միխայիլ Սահակաշվիլիի մասին, հաղորդում է «Գռուզիա-online»-ը:
«Այսօր կարող եմ սրբանկարի վրա երդվել, որ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի մարդը չէ, ինչը չեմ կարող ասել Սահակաշվիլիի մասին: Սահակաշվիլին ավելի շատ Ռուսաստանի մարդն է, քան որեւէ այլ մեկը: Ռուսաստանի համար Սահակաշվիլին ամենացանկալի մարդն էր Վրաստանի նախագահի պաշտոնում: Նման մեկին այլեւս չեն գտնի:
2008-ին Ռուսաստանը Սահակաշվիլիից ստացավ ամեն ինչ, ինչ ցանկանում էր եւ կստանար ավելին, եթե չլիներ Իվանիշվիլին: Դրա համար էլ Կրեմլը բարդացնում է իրավիճակը Վրաստանի նոր իշխանությունների համար: Նկատի ունեմ իրավիճակը սահմանին: Իսկ Սահակաշվիլին կորցրել է վրաց ժողովրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի վստահությունը»,-ընդգծել է Շեւարդնաձեն՝ «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում:





























