Թուրքիայի վարչապետ Էրդողանի նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը հիմնականում ուղղված է քրդական համայնքին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ 19-րդ դարի ի վեր, թուրքական պետությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է նման բարեփոխումների իրականացման մասին, սակայն մինչ օրս զգալի արդյունք չկա:«Փաթեթում մեզ մի քանի կետեր են հետաքրքրում: Այդ կետերը վերաբերում են թուրքական իշխանությունների կողմից ազգային լեզվով կրթության թույլտվությանը, ինչպես նաեւ որոշակի պատմական վայրերի անվանափոխությանը»,-ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը: Նա ընդգծել է, որ պատմական Հայաստանի տարածքում վերանվանվել է մոտ 12 հազար պատմավայր: Թուրքագետի կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, որ հնարավորություն կա վերականգնելու դրանց անվանումները: «Սակայն ժամանակին այդ պատմավայրերի անունները փոխարինվել են քրդականներով: Եվ, փաստացի, փաթեթի այս կետով որոշում է կայացվում վերականգնել քրդական անվանումները, այլ ոչ հայկական»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը, ընդգծելով, որ այս կերպ խեղաթյուրվում է պատմությունը եւ այդ վայրերից հայկական հետքն անհետանում է:
Ամեն անգամ, այսպես կոչված, ժողովրդավարական բարեփոխումների մասին հայտարարելիս ազգային փոքրամասնությունները ողջունում են դրանք: «Չեմ կարծում, որ ինչ-որ զգալի , լուրջ քայլեր գրանցվեն՝ ուղղված հայկական, հրեական կամ ասորական համայնքների բարեկեցությանը: Նկատելի քայլեր կան միայն քրդերի համար»,-ընդգծել է Մելքոնյանը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այդ փաթեթը մեծամասամբ ուղղված է ներքին հանրությանը: «Թուրքիայի վարչապետը, անկասկած, հնարավորությունը բաց չի թողնի միջազգային հարթակում առաջին իսկ ելույթի ժամանակ ներկայացնելու այդ փաթեթը որպես երկրում իրականացվող բարեփոխումների ապացույց: Այդ փաթեթը որոշակի գործիք է, որը սպասարկում է թուրքական հռետորաբանությանը»,-եզրափակել է Մելքոնյանը:





























