Սանկտ Պետերբուրգում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, որը հարձակվել էր «Ռոսբալտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նատալյա Չերկեսովայի մեքենայի վրա եւ ծեծի ենթարկել նրա վարորդին:

Ծեծկռտուքի եւս մեկ մասնակից բաց է թողնվել` վատ ինքնազգացողության պատճառով:

Նատալյա Չերկեսովայի Toyota մեքենան  շրջապատել էին արտասահմանյան  երկու մեքենաներ` «Գուրմանիա Project» վրացական խոհանոցի գովազդային պաստառով Hyundai К868РР178 սպիտակ միկրոավտոբուս եւ Opel О672АО47 սեւ սեդան:  Մեքենայից երկու տղամարդ էին դուրս եկել եւ հարձակվել «Ռոսբալտի» տնօրենի վարորդ Սերգեյ Կուլանի վրա, որին ծեծել էին անցորդների աչքի առաջ:

Ըստ ականատեսների` խուլիգանները բղավել են, թե «մոսկովյան համարներով Toyota-ն չպետք է խանգարի Պետերբուրգում հարգված մարդկանց»:

Նատալյա Չերկեսովան  այդ  պահին մոտեցել է այլ մեքենայով` իր մեքենան նստելու համար: Նա տեսել է, որ իր վարորդին դաժանորեն ծեծում են:

«Ֆոնտանկան» պարզել է, որ կռվին խառն են եղել քիքբռնցքամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն,  «Կաբանչիկ» ռեստորանների ցանցի համասեփականատեր  Կոբա Գորդելաձեն եւ նրա եղբայրը: Գորդելաձեին չեն ձերբակալել, քանի որ նա հանկարծակի իրեն վատ է զգացել: Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել:

Գործարարը «Ֆոնտանկային» իր վարկածն է պատմել:  Ըստ նրա` տղամարդիկ «պարզապես հրել են իրար»: Միջադեպից հետո եղբայրները շարունակել են իրենց ճանապարհը դեպի  «Կաբանչիկ» ռեստորան: Որոշ ժամանակ անց, ըստ Գորդելաձեի, իրեն զանգահարել են եւ հայտնել, թե իրեն ոստիկանությունն է փնտրում` ճանապարհյին կռվի հետ կապված:  Այդ պատճառով էլ եղբայրներն իրենք էին եկել ոստիկանության բաժանմունք: