Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անունը Օրհան Զեյնալով է: Զեյնալովի հանցանքի մասին կռահել է նրան վարձակալությամբ տրամադրած բնակարանի տերը:
Ըստ բնակարանի սեփականատեր Ալեքսեյի՝ իրենք համացանցում տեսել են լուսանկարը եւ կատակով Օրհանին հարցրել, թե պատահաբար դա ինքը չէ: Դրանից հետո Օրհանը փակվել է սենյակում, երկար մնացել, հետո հեռացել:
Դրանից հետո ընկերները համացանցում նորմալ որակի տեսագրություն են գտել, որում էլ ճանաչել են ծանոթին:
Երիտասարդները փորձել են բացել դուռը, բայց Օրհանը, պարզվում է, նախքան փախչելը դիտմամբ բանալիով կողպել էր այն: Դա տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ի ժամը երեկոյան 10-ի սահմաններում: Հետո տղաները ոստիկանություն էին զանգահարել եւ պատմել դեպքի մասին: Եգորի վրա հարձակված մարդու լուսանկարն ուղարկվել էր ոստիկանության բոլոր բաժիններ, հայտնում է Life News-ը:
Հիշեցնենք, աղմկահարույց սպանությունը հոկտեմբերի 10-ի գիշերն էր կատարվել: Եգոր Շչերբակովին ընկերուհու աչքի առաջ դանակահարել էին:
Դեպքից հետո Արեւմտյան Բիրյուլեւոյի փողոցներ էին ելել տասնյակ բնակիչներ, որոնք պահանջում էին գտնել մարդասպանին եւ խստացնել միգրացիոն օրենսդրությունը, նաեւ՝ փակել այդ շրջանի մթերակայանը, քանի որ այնտեղ բազմաթիվ միգրանտներ են աշխատում:
Կատարվածից անմիջապես հետո ոստիկանությունը ստուգայց էր անցկացրել Մոսկվայի հարավում եւ բռնել 80 ապօրինի միգրանտների, ինչպես նաեւ դաշնային հետախուզման տակ գտնվող մի անձի:
Սակայն Եգոր Շչերբակովի մարդասպանին չէր հաջողվել գտնել:






























